16 նոյեմբերի 2011 - 12:37 AMT
Միշել Պլատինի. Լիոնել Մեսսին անպայման նոր ռեկորդ կսահմանի

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին անպայման նոր ռեկորդ կսահմանի՝ երրորդ անգամ անընդմեջ նվաճելով «Ոսկե գնդակը»: Պլատինին մինչ օրս միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»: Դա տեղի է ունեցել 1983-1985թթ., երբ նա հանդես էր գալիս «Յուվենտուսի» կազմում:

«Բարսելոնայում» խաղացող Մեսսին այդ մրցանակին արժանացել է 2009 և 2010թթ.: Ըստ Պլատինիի, Մեսսին առավելություն ունի, քանի որ խաղում է «Բարսելոնայում» 13 տարեկանից, հայտնում է Լենտա.ռու-ն:

Պլատինիից բացի, «Ոսկե գնդակի» եռակի տիտղոսակրեր են նաև հոլանդացիներ Յոհան Քրոյֆն ու Մարկո վան Բաստենը: Սակայն, նրանց չի հաջողվել մրցանակը ստանալ 3 տարի անընդմեջ:

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա այն 23 խաղացողների ցանկում է, որոնք հավակնում են 2011թ. «Ոսկե գնդակին», և համարվում է այդ պայքարի ֆավորիտը: Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ն կհրապարակի 3 հավակնորդների անունները, իսկ հունվարի 9-ին հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» մրցանակակիրը: