Նոյեմբերի 15-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Երիտասարդության համաշխարհային օրվան և Ուսանողության միջազգային օրվան նվիրված ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Կատարումներով հանդես եկան «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերը։ Ռոք համերգին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին երիտասարդական տոների առթիվ, նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմաժանր համերգներով փորձել են իրական տոն ստեղծել երիտասարդների և ուսանողների համար։ «Սա մեր գնահատականն է երիտասարդությանն ու ուսանողությանը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնակցությունը ներդնելու այն բոլոր գործընթացներում ու բարեփոխումներում, որ իրականացվում են մեր երկրում։ Այս օրերին նախաձեռնած տոնական միջոցառումներով մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր երիտասարդը ոգևորված, գնահատված կարողանա շարունակել իր գործունեությունը»,- նշեց Կարեն Ավագյանը։