18 նոյեմբերի 2011 - 15:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ նախագահը վստահ է, որ Ցվետանա Պասկալևան կմնա ղարաբաղյան պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը

Նոյմեբերի 18-ին ՀՀ նախագահը մասնակցել է բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսին: Ինչպես հայտարարել է միջոցառման ժամանակ նախագահը, «ոչ թե Պասկալևան պետք է մեզ շնորհակալություն հայտնի սկավառակի թողարկման համար, այլ մենք նրան՝ կատարած աշխատանքի համար, քանի որ նա իր կյանքի մեծ մասը նվիրել է մեր պայքարին, եղել է հայ զինվորի կողքին և իր տեսախցիկով հավերժացրել այն մարդկանց, որոնք արժանապատվորեն մարտնչել են հանուն հայրենիքի»:

Նա նշել է, որ, թե չլինեին Պասկալևայի աշխատանքները, մարդիկ ամբողջական պատկերացում չէին ստանա ղարաբաղյան հակամարտության մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած նրան, որ ռազմական գործողությունները դադարել են, չի կարելի բացառել, որ դրանք կարող են վերսկսվել: «Ղարաբաղյան հակամարտության մեջ նոր փուլ է սկսվել, որտեղ բոլորը պետք է պայքարեն և ապացուցեն աշխարհին ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը»: «Ես վստահ եմ, որ Ցվետանա Պասկալևան կմնա այդ պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Պասկալևան թիվ 001 տեսասկավառակն ու հավաստագիրը հանձնել է ՀՀ նախագահին:

Սկավառակում ընդգրկված է 7 ֆիլմ: Այն թողարկվելու է վեց լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, բուլղարերեն: Տեսասկավառակը թողարկել է Armenia music center ընկերությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ