18 նոյեմբերի 2011 - 19:03 AMT
Արարատի մարզում վերաբացվեցին «Հայփոստ» ՓԲԸ ևս երկու փոստային բաժանմունքներ

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Արարատի մարզի Վեդի քաղաքի և Արարատ գյուղի փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը, Արարատի մարզում այս տարի արդեն վերաբացվել են Մասիս քաղաքի փոստային մասնաճյուղն ու թիվ 01 բաժանմունքը, ինչպես նաև` Այնթապ գյուղի փոստային բաժանմունքը:

Վերաբացման արարողությանը ներկա էին քաղաքապետարանի և գյուղապետարանի ներկայացուցիչներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը և տեղի բնակիչներ:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

Նա իր խոսքում շեշտեց, որ նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներից ոչ ծառայությունների, ոչ սպասարկման որակի մակարդակով:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը և մարզերում փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Վեդիի և Արարատի բնակիչներին:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 50-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: