18 նոյեմբերի 2011 - 21:27 AMT
Շևչենկոյի անվան աշակերտները ցրտի պատճառով դպրոց չեն հաճախում

Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողների և ուսուցիչների խորհուրդները նորից փորձում են կրթության ու գիտության նախարարության ուշադրությունը գրավել իրենց դպրոցի վրա։ Այս անգամ նրանք բարձրացնում են դպրոցի ջեռուցման խնդիրը:

«Տարբեր դասարանների աշակերտներ չեն հաճախում դպրոց ցրտի պատճառով: Շատերը մրսել և հիվանդացել են: Նաև տեղեկացնենք, որ դպրոցում ջրծաղիկով հիվանդներն են շատացել»,- գրում են նրանք։

«Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սարքերով ու տարբեր տաքացուցիչներով։ Երեխաները դպրոց հաճախում են, իսկ ջրծաղիկի ընդամենը 5 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն արդեն իսկ հաճախում է դպրոց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը։ Նա նշեց, որ իրենք անում են հնարավորը վիճակը շտկելու համար` փոխարինում են պատուհանների կոտրված ապակիները, ցելոֆանապատում են, սակայն ավելին անել չեն կարող։

«Այս խնդրին ծանոթ են բոլորը` թե' քաղաքապետարանը և թե' ԿԳՆ-ն: Դասարանների պատերը կիսաքանդ են, դռները պոկված են և այլն:Մի խոսքով` կատարյալ խայտառակ վիճակ է: Ուղղակի ամոթ է, որ Կենտրոնում գտնվող դպրոցը լինի այս վիճակում: Այս դպրոցը Կենտրոնի միակ դպրոցն է, որ գտնվում է այս վիճակում: ԿԳՆ-ը արդեն 10 տարի է խաբում է դպրոցի ղեկավարությանը` ասելով, թե կվերանորոգի և կջեռուցի, բայց չի անում»,- գրում են ծնողները։

Պետբյուջեից դպրոցը տարեկան ֆինանսավորվում է մոտ 56 միլիոն դրամի չափով, իսկ արդեն գարնանը 2012 թվականի պետբյուջեի հաշվին կսկսվեն դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։