18 նոյեմբերի 2011 - 21:43 AMT
ԵԱՀԿ-ն ոստիկանության գործողությունների վերաբերյալ երկու ուղեցույց է ներկայացրել

Երևանում այսօր ներկայացվել է ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ոստիկանության գործողությունների, ուժի գործադրման և բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ երկու ուղեցույց:

«Չափազանց կարևոր է, որ պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի` երաշխավորելու ուժի կիրառումը օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: «Ոչ պատշաճ և անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաև հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա»:

Երկու հրատարակություններն էլ մշակվել են ԵԱՀԿ փորձագետի կողմից` Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցելու ԵԱՀԿ գործունեության շրջանակում: