Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճար: Այնուհետեւ Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի եւ թեմական խորհդի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերություններին, ԼՂՀ ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Իր խոսքում Նախագահն անգնահատելի է համարել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում` այն որակելով որպես հայոց պետականության կարեւորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում գտնվող Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` ընկերակցության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: