10 հուլիսի 2000 - 17:46 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մոնիտորինգի արդյունքները:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուլիսի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի հյուսիս-արեւմուտքում Մռավյան լեռնաշղթայի երկարությամբ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մոնիտորինգ:
Ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքների դիտարկումը անցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի ղեկավարությամբ: Առաքելության կազմում ընդգրկված էին նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի ծրագրավորման խմբի ղեկավար գնդապետ Բերնար Վիալաթը (Ֆրանսիա), անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Շանդոր Յուհասը (Հունգարիա) եւ Շտեֆան Բուհմայերը (Ավստրիա):
Մառախուղի պատճառով շփման գծերի երկու կողմերում տեղակայված հետազոտող խմբերի միջեւ չհաջողվեց հաստատել տեսողական կապ, տեղի ունեցավ միայն ռադիոփոխանակում: ԵԱՀԿ առաքելության անդամները տվյալ հատվածի համար պատասխանատու հրամանատարների հետ անցկացրեցին ճեպազրույց` արդի իրավիճակի վերաբերյալ: Մոնիտորինգի ընթացքում հրադադարի խախտում չի գրանցվել: ԵԱՀԿ հետազոտման խմբին ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: --0--