21 նոյեմբերի 2011 - 20:43 AMT
ԱԱԾ-ն 3 անձանց մեղադրանք է առաջադրել պետական դավաճանություն կատարելու համար

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, ևս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը և Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: