22 նոյեմբերի 2011 - 14:18 AMT
ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատվիրակությունն այսօր այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` նպատակ ունենալով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկել և ճշգրտել մյուս տարի Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համալիր զորավարժության նախապատրաստման աշխատանքները։ Այդ հարցերը քննարկվել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ մեծ կարևորություն տալով համատեղ զորավարժությանը, ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկացել են լսել հայկական կողմի կարծիքները և առաջարկները` կապված զորավարժության կազմակերպման հետ։ Քննարկվել են զորավարժության տևողության, շտաբային և պրակտիկ փուլերի բաժանման և կազմակերպչական այլ հարցեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է որ մյուս տարի կդիտարկվի նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ուսումնավարժություն անցկացնելու հնարավորությունը։