Նոյեմբերի 25-ին Երևանում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են կողմերի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման Գործողությունների ծրագիրը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան, ըստ ծրագրի, գերակայում են այն թեմաները, որոնք հետաքրքիր են Հայաստանին, մասնավորապես, ռազմատնտեսական համագործակցությունը, համատեղ սպասարկման ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը ռազմատեխնիկական ոլորտում:
«Մեծ ուշադրություն է հատկացվել նաև ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների նախապատրաստմանը, որոնք անցկացվելու են 2012թ. Հայաստանում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա հայտնել է նաև, որ այդ նպատակով քարտուղարությունից Հայաստան է ժամանել աշխատանքային խումբ, որը մի քանի օրվա ընթացքում աշխատել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, մշակելու համար զորավարժությունների գաղափարն ու նախապատրաստումը: Ընդ որում, Բորդյուժան նշել է, որ, ըստ ծրագրի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան կողմերին առավել արդյունավետ օգտագործել ՀԱՊԿ ներուժը Հայաստանի անվտանգությն ապահովման համար:
Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը կարևորել է փաստաթուղթը: Ըստ նրա, ՀԱՊԿ հետ հարաբերությունների շրջանակներում 2012թ. տեղի կունենա 15 միջոցառում: Նա ասել է, որ դրանք վերաբերում են տարբեր ոլորտների, սկացած ռազմատեխնիկական համագործակցությունից, մինչև տեղեկատվական անվտանգության ապահովումը: «Մենք կարևորում ենք ԱԱՀՈւ զորավարժությունները և վստահ ենք, որ դրանք կանցնեն ամենաբարձր մակարդակով»,-ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի ապահովմանը սպառազինության արդիական միջոցներով՝ Բորդյուժան ասել է. «Մենք փաստորեն ավարտել ենք աշխատանքը ԱԱՀՈւ զինման ծրագրով և ենթադրում ենք, որ դեկտեմբերի 20-ին Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում ծրագիրը կներկայացվի հաստատման: Այն նախատեսում է արդիական զինատեսակներով ապահովել ԱԱՀՈւ զորակազմերին: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա որոշ զինատեսակների սպասարկման և արդիականացման ռուսական կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը նույնպես իր ավանդը կբերի հայկական զինված ուժերին սպառազինության արդի տեսակներով ապահովելու գործում»,-հայտարարել է Բորդյուժան: