25 նոյեմբերի 2011 - 14:53 AMT
Հայաստանում մահացության կառուցվածքում 50 տոկոսից ավելին զբաղեցնում են սրտանոթային հիվանդությունները

Ինչպես աշխարհի զարգացած շատ երկրներում, այդպես էլ Հայաստանում, մահացության կառուցվածքում 50 տոկոսից ավելին զբաղեցնում են սրտանոթային հիվանդությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևան քաղաքի գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Պարունակ Զելվեյանը:

«Դա խոսում է հիվանդությունների կանխարգելման, կանխարգելման ճիշտ մեթոդների, առողջ ապրելակերպի ներդրման կարևորության, ռիսկի գործոնների նվազեցման ուղղությամբ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին»,- նշեց Զելվեյանը:

Պատճառն, ըստ սրտաբանի, ռիսկի գործոնների բարձր տարածվածություն է, ծխախոտի օգտագործման բարձր մակարդակը, զարկերակային գերճնշման առկայությունը, հիպերխոլեստեմիայի առկայությունը, ճարպակալումն ու ավելցուկային քաշը, հիպոդինամիան` քիչ շարժվելը. «Մենք անհրաժեշտ ծավալով չենք անցկացնում կանխարգելիչ աշխատանքներ, և հասարակության մեջ դեռ տարածված չէ օրգանիզմը հարգելը և որևէ գանգատ լինելու դեպքում բժշկին դիմելը»:

Բանախոսը նշեց, որ սրտանոթային հիվանդությունների տարածման աճը բնությունից հեռանալու արդյունքն է. այսօր մենք ահռելի քանակությամբ էներգիա ենք ստանում և քիչ ծախսում:

«Իսկ ավելորդ էներգիան օրգանիզմում կուտակվում է ճարպերի տեսքով: Ֆիզիկական ակտիվությունը գործնականում վերացել է մեր կյանքց: Խաղերը դարձել են համակարգչային, նստակյաց: Իսկ ճարպակալումն ու ավելցուկային քաշը ամենախիստ, որոշիչ գործոններից մեկն են սրտանոթային հիվանդությունների շարքում»,- մանրամասնեց Զելվեյանը:

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանն էլ նշեց, որ մահացության կառուցվածքում 2-րդ և 3-րդ տեղերում քաղցկեղն ու շաքարային դիաբետն է` համապատասխանաբար 20 և 5 տոկոս:

«Առողջ ապրելակերպը միայն սպորտն ու ֆիզիկական ակտիվությունը չեն: Թեև Հայաստանում ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը շատ ցածր է: Դա նաև վարքագիծն է, առողջ սննդակարգը, ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից խուսափելը, այն մթնոլորտը, որտեղ աշխատում ենք ու անցկացնում օրվա մեծ մասը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը: