25 նոյեմբերի 2011 - 15:20 AMT
Արամ Առաջինը Արմեն Աշոտյանին է ներկայացրել գաղթօջախի կրթական հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: ԿԳՆ-ից հայտնում են, որ Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական:

Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը` տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:

Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության նմուշներին:

Այսօր նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ: