25 նոյեմբերի 2011 - 15:59 AMT
Գորիսի և Կապանի համալսարանների ուսանողները մասնագիտական պրակտիկա կանցնեն Orange-ում

Orange-ը համագործակցությունը ծավալուն ծրագիր է սկսում Սյունիքի մարզի երկու ամենամեծ քաղաքների համալսարանների հետ: Գորիսի պետական համալսարանի և ՀՊՃՀ Կապանիմասնաճյուղի հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները», ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցել է նաև մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 18 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն: