25 նոյեմբերի 2011 - 17:06 AMT
Հայաստանի ԿԲ նախագահը Մոսկվայում կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի նիստին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 25-ին Մոսկվայում կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստին քննարկվելու են Միջպետական բանկի 2010 թ. գործունեության հաշվետվության, տարեկան ֆինանսական հաշվետվության, 2011 թ. 9 ամիսների ընթացքում բանկի գործունեության, 2012 թ. բյուջեի հաստատման, բանկի տարեկան աուդիտի իրականացման նպատակով ընկերության ընտրության հարցերը:

Մոսկվա կատարելիք այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է նաև ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ:

Միջպետական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին ԱՊՀ տասը երկրների կողմից: Բանկի աշխատանքի հիմնական ուղղությունը ֆինանսների ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ժամանակ ծագող խնդիրների լուծումն է: