25 նոյեմբերի 2011 - 18:02 AMT
Ճարտարապետներին շարունակում է անհանգստացնել «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը

Հայ ճարտարապետները շարունակում են անհանգստանալ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում կառուցվելիք 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոնի պատճառով:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ նման շինություն, ինչպիսին է «Հրազդան» մարզադաշտը շատ հազվադեպ են կառուցվում, բայց միաժամանակ շատ մեծ նշանակություն ունեն երկրի համար:

Ճարտարապետ, մարզադաշտի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի խոսքով էլ, «Հրազդան» մարզադաշտը 1980-ական թվականներին ընդգրկվել է հուշարձանների ցանկում: «Սակայն, անկախացումից հետո այն դիտվում է, ոչ որպես հուշարձան և առուվաճառքից հետո, շատ բան է փոխվել: Ստադիոնը ընդգրկում է 35 հա տարածություն, և յուրաքանչյուր մարդու անվտանգ շարժվելու համար հարկավոր է 0,7-0,10 հա տարածություն, ինչը այդ առևտրի կենտրոնը կառուցելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել»,- նշել է ճարտարապետը:

Մուշեղյանի խոսքով, 2011 թվականին «Հրազդան» մարզադաշտի հարակից առևտրի ապօրինի կրպակները օրինականացվել են, և այդ տարածքը սպորտայինից վերածվել է խառը գոտու: