25 նոյեմբերի 2011 - 18:37 AMT
Հայաստանը «Ինտեր ՌՀԸ»-ից որևէ դիմում չի ստացել ՀԱԷԿ-ի կառավարումից հրաժարվելու մասին

Հայաստանը ռուսական «Ինտեր ՌՀԸ ՄԷՀ»-ից Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ֆինանսական հոսքերի կառավարման մասին պայմանագրի գործողությունը վաղաժամ դադարեցնելու մտադրության մասին որևէ դիմում չի ստացել, նոյեմբերի 25-ին հայտնել է Ատոմային էլեկտրակայանների շահագործման Գիտահետազոտական ինստիտուտի («Արմատոմ» ԳՀԻ) տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր ՌՀԸ»-ն դժգոհ է պայմաններից, որոնցով կառավարում է Հայաստանի ԱԷԿ-ը և մտադիր է վաղաժամ դադարեցնել պայմանագրի գործողությունը:

ՀԱԷԿ ֆինանսական հոսքերը «Ինտեր ՌՀԸ»-ի վստահված կառավարմանը հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2003 թվականին 5 տարի ժամկետով, իսկ 2008-ին երկարացվել է մինչև 2013 թվականը: Փաստաթղթի համաձայն, բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է, իսկ էներգահոլդինգը պարտավորվել է ապահովել ՀԱԷԿ-ի անխափան և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև ամեն տարի միջուկային վառելիք ներկրել ատոմակայանի համար:

«Ես` որպես ատոմակայանների շահագործման «Արմատոմ» ԳՀԻ տնօրեն, Հայաստանի նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի խորհրդի գործադիր քարտուղար, հայտարարում եմ, որ պաշտոնական ալիքներով նման տեղեկատվություն չի ստացվել»,- ասել է Պետրոսյանը:

ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր հերթին հայտնել է, որ «Ինտեր ՌՀԸ» հետ համաձայնագրի կողմը Հայաստանի կառավարությունն էր, այլ ոչ թե ատոմակայանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ռուսական հոլդինգը ՀԱԷԿ օպերատոր ընկերությունը չէ, այլ միայն կառավարում է ատոմակայանի ֆինանսական հոսքերը գործող պայմանագրի համաձայն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: