28 նոյեմբերի 2011 - 15:51 AMT
Երիտասարդ հայ գրողների մեջ չկան մանկագիրներ, գտնում է Էդվարդ Միլիտոնյանը

Հայկական մանկական գրականությունն, այսօր, մեծ ճգնաժամի մեջ է, գտնում է Հայաստանի գրողների միության քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար, գրող Էդվարդ Միլիտոնյանը: Ըստ նրա, Հայաստանում դեռ կան մանկագիրներ, որոնց թիվը, սակայն, բավական փոքր է: Մամլո ասուլիսի ժամանակ Միլիտոնյանը ցավով հայտնեց, որ այսօրվա երտասարդ գրողների մեջ չկան մանկագիրներ: Միլիտոնյանը, դրա պատճառը տեսնում է ժանրի բարդության մեջ: Ըստ նրա, մանկական բանաստեղծություն գրելու համար անհրաժեշտ է բանաստեղծության չափը պահպանել, հանգավորել և ամենակարևորը` հասկանալ երեխայի հոգեբանությունը:

Մանկական գրականությունը, գրողի խոսքով, կերտում է որոշակի լեզվամտածողություն, որը բերում է բարության, երեխայի մոտ ձևավորում է հերոսական արժեքներ և այլն: