28 նոյեմբերի 2011 - 16:30 AMT
Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հակահայկական քարոզչության վրա

Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձան արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորտը հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա: