28 նոյեմբերի 2011 - 20:05 AMT
Մի քանի հարյուր բեռնատար ավտոմեքենաների հայ վարորդներ «Վերին Լարս» ՀԱԿ-ում դեռևս մեկնելու հույս ունեն

Մի քանի հարյուր բեռնատար ավտոմեքենաների հայ վարորդներ ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետում դեռևս սպասողական վիճակում են: Հայաստանի Փոխադրողների միջազգային ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանը հույս է հայտնել, որ հարցն անպայման կշոշափվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի ժամանակ, հաղորդում է «Ռեյլվնեշտրանս» տրանսպորտա-էքսպեդիտորական ընկերությունը:

Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի նոյեմբերի 29-ին: Հայկական պատվիրակության մեջ մտնում է նաև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Հավանաբար, այդ հարցը նույնպես կքննարկվի»,- նշել է Համբարձումյանը` ընդգծելով, որ վրացական կողմը կետը փակել է ձմեռային սեզոնին հատուկ սպառնալիքների պատճառով` պարզաբանելով, որ ճանապարհը վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար: