28 նոյեմբերի 2011 - 21:57 AMT
Հայաստանի նախագահը ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպման սկզբում Բեռնար Ֆասհեն հանրապետության ղեկավարին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: