Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ:
Ներկայացնելով երթուղային նոր ցանցը, քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանը նշել է, որ այն մշակվել է գործող ցանցի հետ համեմատական վերլուծությունների հիման վրա՝ հաշվի առնելով նաև միջազգային տարբեր կառույցների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները: Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է:
Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում փաստացի շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը` 300 ով: Նոր ցանցով նախատեսվում է զգալիորեն կրճատել միկրոավտոբուսային երթուղիները՝ 109 ից հասցնելով 75-ի:
Համապատասխանաբար շուրջ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը: Առաջարկվող նոր ցանցը նաև միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը, ինչին, ի թիվս այլ գործոնների, կնպաստի երթուղու աշխատանքում միջակայքերի պաբերականության նվազեցումը: Լսելով կողմերի կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները, Ե
րևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի հատկապես առավոտյան և երեկոյան ժամերի աշխատանքին, որն այս պահին գոհացուցիչ չէ:
«Երևանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 8:30-ից մինչև 10:00-ի և երեկոյան 18:00-ից մինչև 21:00 ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթևեկության ծանրաբեռնված ժամերին երթևեկելու դժվարություններ չունենան» ,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խմբին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շտկել բացթողումներն ու երթուղային նոր ցանցի հավանության արժանացած տարբերակը ներկայացնել նաև հանրային քննարկման: