29 նոյեմբերի 2011 - 18:46 AMT
Լոռու մարզի Լորուտ գյուղում աֆրիկյան ժանտախտի նոր բռնկում է արձանագրվել

Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի անկման դեպքերը առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որպես աֆրիկյան ժանտախտի բռնկում: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո նախարարության համապատասխան մասնագետները մեկնել են նշված համայնք՝ ուսումնասիրելու հիվանդության բնույթի ու տարածվածության հանգամանքները և կազմակերպելու վերջինիս հաղթահարման աշխատանքները, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Ըստ նախնական վարկածի, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ, ամիսներ առաջ, նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի:

Վարակի կրկնումը բացառող կարևոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը:

Համայնքում կատարվող ուսումնասիրության արդյունքների և հիվանդության կանխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը: