29 նոյեմբերի 2011 - 19:24 AMT
Տեսակոնֆերանս սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի միջև

Հայաստանի սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպվել է տեսակոնֆերանս Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեսակոնֆերանսին Հայաստանից մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները` վարչության պետ Անդրանիկ Արշակյանի գլխավորությամբ, նախարարության այլ աշխատակիցներ, Տուլայի մարզից` «Կռունկ» հայկական մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ և այլք:

Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Տուլայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ամրապնդել և զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի գործակցությունը, ակտիվացնել համայնքի մասնակցությունը համահայկական ծրագրերին: