30 նոյեմբերի 2011 - 15:51 AMT
Այս տարի ձմեռը կլինի ցուրտ և գյուղատնտեսության համար բարենպաստ

Այս տարի ձմեռը «Հայպետհիդրոմետի» կանխատեսմամբ կլինի նորմայից 1-3 աստիճանով ցուրտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ ձմռան բոլոր 3 ամիսներին տեղումների քանակը կլինի նորմային մոտ՝ բացասական շեղումով։

Իսկ ձյան կայուն ծածկ Երևանում կարելի է սպասել միայն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։

«Նախորդ տարվա ձմեռը բավականին տաք էր։ Անցած տարի հունվարին ջերմաստիճանը 2-3 աստիճան նորմայից բարձր էր։ Այնպես որ, այս և նախորդ ձմեռների մեջ մոտ 5 աստիճանի տարբերություն է լինելու»,- նշեց Զարուհի Պետրոսյանը։ Գյուղատնտեսության առումով ձմեռը կլինի բարեհաջող, քանի որ բույսերի վաղաժամ զարթոնք չի լինի, ինչն էլ կբացառի ցրտահարությունները։