1 դեկտեմբերի 2011 - 12:46 AMT
Անհայտ հաքերները խորամանկորեն հափշտակում են LiveJournal-ի օգտագործողների գաղտնաբառերը

Երեկ բլոգային հարթակ LiveJournal-ի ուղղությամբ սկսվել են հաքերային նոր հարձակումներ։ Այս անգամ անհայտ հաքերները փորձում են հափշտակել մի շարք օգտագործողների անուններն ու գաղտնաբառերը։ Այս մասին հայտնել է LiveJournal-ի նորանշանակ ղեկավար Իլյա Դրոնովը, գրում է Lenta.ru-ը։

Հարձակումը հաքերներն իրականացնում են ոչ շատ բարդ script-ի միջոցով, որը տեղադրվում է գրառումների մեկնաբանություններում։ Երբ օգտագործողը կարդում է նման script պարունակող գրառման էջ, վերևի մասում հայտնվում է պատուհան, որը պահանջում է մուտք գործել համակարգ։ Օգտագործողներն էլ առանց հասկանալու, որ այդ հաղորդագրությունը LiveJournal-ից չէ, մուտքագրելով իրենց տվյալները՝ ուղարկում են դրանք այլ սերվերներ։ Իլյա Դրոնովը խորհուրդ է տալիս արհամարել նման հաղորդագրությունները։

LiveJournal-ի մասնագետներն արդեն կարողանում են հետևել և հայտնաբերել նման մեկնաբանությոններով գրառումները։ Այս գործընթացի հետ միաժամանակ շարունակվում է հարձակումների մոնիտորինգը։ Տուժած օգտագործողներին Իլյա Դրոնովն առաջարկում է դիմել ադմինիստրացիային և վերականգնել էջը։

Հիշենք, որ LiveJournal բլոգային հարթակի ուղղությամբ ակտիվ DDoS և նման հարձակումները շարունակվել են ամբողջ 2011-ի ընթացքում։