1 դեկտեմբերի 2011 - 13:52 AMT
Սերժ Սմեսով. Չի բացառվում, որ ապագայում ՀՀ քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր

Դեկտեմբերի 1-ին Երևանում կայացավ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը՝ համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության անվտանգության ու անվտանգության. տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողով: Ինչպես լրագրողներին է հայտնել ԵՄ փորձագետ, Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի Եվրոպային միանալու համար: «Հայաստանն իրոք շատ հետաքրքրված է այդ գործընթացով, և մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այդ գործընթացն իրական դարձնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը կարող է գրանցել այդ ուղղությամբ լուրջ առաջխաղացում:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ անդամ-երկրների միջև վիզային ռեժիմի պարզեցմանը՝ Սմեսովն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ համապատասխան համաձայնության կհասնեն: «Ապագայում չի բացառվում, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը կվերանա և Հայաստանի քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր»,- ասել է նա, հավելելով, որ դեռ շատ անելիք կա դա իրականություն դարձնելու համար: