Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրեն Միխայիլ Վիբելին։ Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում բարձր գնահատելով երկու տասնամյակը բոլորած բարենպաստ համագործակցության արդյունավետությունը՝ կողմերը երկուստեք վերահաստատել են գործակցությունն առավել սերտ ու նպատակային դարձնելու պատրաստակամությունը:
«Գիտեմ, որ բարեգործական ձեր առաքելության շրջանակում անչափ կարևոր է նաև մեր վարչական շրջանների պատասխանատվությունն այդ հարցում, ուստի մեկ անգամ ևս վստահեցնեմ ձեզ, որ մենք պատրաստ ենք շարունակել սոցիալական համատեղ ծրագրերն ու ենթածրագրերը, քանի դեռ Երևանում առկա է սոցիալապես անապահով քաղաքացիների հոգսերը թեթևացնելու անհրաժեշտությունը»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միխայիլ Վիբելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության շարունակման պատրաստակամության համար և որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ հատկանշել է կազմակերպության և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը: Միայն այս վարչական շրջանում 350 շահառուներ օգտվում են «Գթության խոհանոցից»: