3 դեկտեմբերի 2011 - 18:34 AMT
Պաշտպանության նախարարությունը հաստատեց «Չենք լռելու»-ի տարածած լուրը զինվորի մահվան մասին

Այսօր դեկտեմբերի 3-ին ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է, հաղորդում է ՊՆ քննչական ծառայությունը:

Ավելի վաղ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնել էր, որ իր հավաստի աղբյուրների համաձայն դեկտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ զորամասերից մեկում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: