5 դեկտեմբերի 2011 - 19:34 AMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարը կարևորում է տեղական արտադրանքի խրախուսումը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 5-ին Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

«Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները»,- լրագրողերի հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` կարևորելով տեղական արտադրանքի խրախուսումը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են «Չինվան» ընկերության արտադրանքը:

«Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին»,- նշեց Սերգո Կարապետյանը: