11 դեկտեմբերի 2003 - 21:32 AMT
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
«Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաներն ընկալում է որպես ազգերի վիրտուալ միության կառուցման միջոց», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում: Հիշեցնելով, որ առաջին համակարգիչը Հայաստանում ստեղծվել է դեռեւս 1960 թվականին, նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են երկրի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ ծրագրային ապահովման արտադրությունը կազմում են Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 1,7 տոկոսը, որի շնորհիվ, մենք դասվում ենք այդ ոլորտում աճի բարձր տեմպեր ունեցող երկրների շարքին», - ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը նշել է, որ E-Caucasus («Էլեկտրոնային Կովկաս») հայկական նախաձեռնությունները եվրոպական գործընկերների աջակցությամբ արդեն իրագործման փուլում են գտնվում: «Մեր տարածաշրջանում խորհրդային մտածելակերպը դեռեւս խանգարում է ներգրավված հասարակության բանաձեւին անցնելուն: Տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել հին պատկերացումները եւ մոտեցնել մեզ հավասարների հասարակությանը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը: