Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ինտերֆաքս լրատվական գործակալությանը մեկնաբանել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա կոչի վերաբերյալ:
«Կարելի է միայն աջակցել կողմերին ուղղված կոչին, որը հնչեց այսօր ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ»,- հայտնել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ կարելի է «օգտագործել վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել նաև նախագահներ Օբամայի ու Սարկոզիի կողմից»:
Երեքշաբթի օրը Վիլնյուսում, ելույթ ունենալով ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում, Սերգեյ Լավրովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել այս տարի Դովիլում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ:
Մայիսին Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հակամարտության կողմերի առաջնորդներին կոչ են արել խաղաղ ճանախարհով լուծել հիմնախնդիրը: