8 դեկտեմբերի 2011 - 13:34 AMT
Ավտոբուսները միանում են ընդդեմ կանանց նկատմամբ բռնության պայքարին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քարոզարշավ: Այժմ Երևանում կարող եք տեսնել մի շարք ավտոբուսներ (33 և 36 համարների երթուղիներում), որոնց վրա արտաքին գովազդ է փակցված: Գովազդը պարունակում է թեժ գծերի համարներ ընտանեկան և սեռական բռնության զոհերի համար: Բռնության ենթարկված անձիք կարող են անվճար և պահապնելով անանունությունը զանգահարել թեժ գծերին` ստանալով համապատասխան աջակցություն:

«Այսօր Հայաստանում բազմաթիվ բռնության դեպքերի մասին ենք լսում, թերևս բռնության երևույթը միայն Հայաստանին և հայերին չէ, որ բնորոշ է: Այն ճանաչվել է իբրև գլոբալ խնդիր, որի դեմ պետությունը և հասարակությունը պետք է պայքարեն միասին: Կոնֆլիկտների լուծումը բռնության կիրառման միջոցով պատժվում է բազմաթիվ երկրներում, և Հայաստանը չպետք է բացառություն լինի»,- նշում են կոալիցիայի անդամները:

Նշվում է, որ ընտանեկան բռնությունը իր բացասական ազդեցությունն ունի նաև երեխաների վրա: Նրանք դառնում են հուզականորեն անկայուն և ձեռք են բերում հակվածություն հետագայում դառնալու բռնարար, քանի որ ընդօրինակում են բռնարար վարքը և չեն տեսնում առողջ ընտանիքի մոդել: Այդ պատճառով կանայք չպետք է լռեն, յուրաքանչյուրս` ընկեր, բարեկամ, հարևան, չպետք է լռի: Բռնարար վարքը չպետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհում: