8 դեկտեմբերի 2011 - 14:08 AMT
Մադոննան ու Էլթոն Ջոնը գուցե մասնակցեն Հայոց ցեղասպանության 2015 թվականի տարելիցին նվիրված համերգաշարին

Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն ամֆիթատրոնում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Never again համերգաշարի առաջին մեծ համերգը: Այն անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Լոս Անջելեսի համերգը դա միայն սկիզբն է, ակցիան շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Համերգին մասնակցել են հռչակավոր Սթիվի Ուանդերը, ինչպես նաև Մալինա Մոյը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիք Բենեթը: Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, ով նաև համերգի կամակերպիչներից էր, ստացել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու համար:

Բեմադրական մասի հայաստանյան կողմի ղեկավարն էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, իսկ ԱՄՆ-ից Սայլենս Ուայթը: Դադասյանը այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ համերգն, իրոք որ բարձրակարգ էր, նշելով, որ այն բարձր դասի միջոցառում էր: Մնջախաղի թատրոնի դերասանները մարմիններով գրում էին մասնակիցների անունները, ինչպես նաև համերգի խորհագիրը` Never again-ը:

«Աստծո կողմից ինձ շնորհված ամեն օր արթնանալիս աղոթում եմ, որ նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն: Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության և արդարության համար», համերգից հետո նշել է Սթիվի Ուանդերը:

Համերգի կազմակերպիչ «Էֆ Էմ Էս մեդիայի» համահիմնադիր Արամ Սարգսյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ նրանք նպատակ ունեն այդ համերգաշարին ներգրավել նաև Մադոննային և Էլթոն Ջոնին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգը կայանալու է Հայաստանում: