8 դեկտեմբերի 2011 - 17:08 AMT
«Ժառանգությունը» ստացել է ԵԺԿ անդամ-դիտորդի կարգավիճակ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացավ «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը: Ինչպես հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:

Այս կարևորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար: