8 դեկտեմբերի 2011 - 20:52 AMT
Լիբանանի նախագահը Սիրիային կոչ է արել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրում

«Ես հուսով եմ, որ իրադրությունը Սիրիայում մոտ ժամանակներս կկայունանա առանց որևէ կողմնակի միջամտության երկրի ներքին գործերին»,- նշել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` ելույթ ունենալով Երևանում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարելի է ձեռք բերել բոլոր արաբական երկրների համատեղ ջանքերով:

Այս համատեքստում նախագահն անդրադարձել է նաև Լիբանանի ու Իսրայելի հարաբերություններում առկա լարվածությանը: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Իսրայելը կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, և հարաբերություններում առկա լարվածությունը մարի»,- նշել է Սուլեյմանը:

Բացի այդ, նախագահը ներկայացրել է նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրները` հաղորդելով, որ մոտ ժամանակներս Լիբանանը ծրագրում է սկսել երկրի նավթային և գազային պաշարների հանքարդյունահանումն ու վերամշակումը: