6 դեկտեմբերի 2003 - 00:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ` ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս Լոնդոնի «ԷքսՍել» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի ժամանակ Հայաստանին հանձնվել է հատուկ մրցանակ` լեռնաարդյունաբերության բնագավառում լուրջ ձեռքբերումների համար: Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների կառավարության անդամներ, խոշոր գործարարներ եւ Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` աշխարհի 15 հավակնորդ երկրներից վերջին փուլ էին անցել Հայաստանը, Ռուսաստանը, Կոնգոն, Չինաստանը, Պերուն եւ Տանզանիան: Ինչպես նշված էր մրցանակաբաշխություն կազմակերպիչների տարածած տեղեկատվությունում, «Հայաստանը նախկին Խորհրդային Միությունից առաջին երկիրն էր, որն ընդունեց եւ կիրառեց արեւմտյան չափանիշներին համարժեք օրենսդրական դաշտ: Հայաստանի ներդրումային միջավայրն ամենանախընտրելին է համարվում Միջին Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանում: Օտարերկրյա ներդումների ծավալները ընդլայնելու նպատակով, Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում առավել նպաստավոր ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ»: