10 դեկտեմբերի 2011 - 16:12 AMT
Թուրքիայի խորհրդարանը որոշել է նոր սահմանադրության մշակման համար խորհրդակցել քրիստոնեական պատրիարքների հետ

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական կոմիտեն նոր Սահմանադրության մշակման համար խորհրդակցությունների նպատակով հրավիրել է Կոստանդնուպոլսյան ուղղափառ, Հայ Առաքելական և Սիրիական եկեղեցիների պատրիարքներին, գրում է Hurriyet-ը:

«Թուրքիայում տարբեր դավանանքի քրիստոնյաներ են բնակվում, թուրքական իշխանությունները բավականաչափ ծանոթ չեն բնակչության այդ շերտերի խնդիրներին, ուստի Կոմիտեն որոշել է դիմել քրիստոնեական եկեղեցիների օգնությանը»,- հայտնել է խորհրդարանական կոմիտեի անդամ Ալթան Թանը:

Հրավիրված պատրիարքները ներկայացնում են խոշորագույն քրիստոնեական համայնքները, որոնք կազմում են քրիստոնյաների 80 տոկոսը: Մնացած 20 տոկոսի մեջ մտնում են հայ կաթոլիկ, հռոմեակաթոլիկ, քաղդեական և բողոքական քրիստոնյաները: