10 դեկտեմբերի 2011 - 17:56 AMT
Երևանում բացվեց ԱՊՀ երիտասարդական միության հայաստանյան գրասենյակը

Երևանում` «Ռուսական գրքի տան» միջոցառումների սրահում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդական միության հայաստանյան կենտրոնի հիմնադիր ժողովը, որի ժամանակ ներկայացվեց կառույցի կանոնադրությունը և ընտրվեց գործադիր խորհուրդ` Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը հաղորդեց, որ առաջիկայում ԱՊՀ այլ երկրներում նույնպես կբացվեն նմանատիպ ստորաբաժանումներ: «Ուստի, որպես միության առաջին ստորաբաժանում մեծ պարտավորություն եք ստանձնել»,- ընդգծել է նա:

Հայաստանյան կենտրոնի նորընտիր նախագահ Բաբկեն Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար, կարևորեց ԱՊՀ երկրների երիտասարդական միության գործունեությունը`միաժամանակ նշելով , որ հայաստանյան կենտրոնը իրականացնելու է իր առջև դրված խնդիրներն ու նպատակները` քաջ գիտակցելով, որ կառույցի գործունեությունը, որպես միություն առաջին մասնաճյուղ օրինակելի պետք է լինի նաև առաջիկայում ԱՊՀ երկրներում ստեղծվելիք նմանատիպ կառույցների համար: