11 դեկտեմբերի 2011 - 15:27 AMT
Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը վերածվել է համաշխարհային տերությունների կամազուրկ հումքային մնացորդի

Ադրբեջանի սեփական որոշման նախագծի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգից հերթական հանումը, կրկին մատնանշում է Բաքվի արտաքին քաղաքականության կառավարելիությունը: Այդ մասին հայտարարել է հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Փորձագետի խոսքով Ադրբեջանը վերածվել է համաշխարհային տերությունների կամազուրկ հումքային մնացորդի, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Մյուս կողմից, հրամանները, որոնք Ադրբեջանը ստանում է, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան Բաքվի`կոնֆլիկտի էությունը խեղաթյուրելու և համաշխարհային հանրությանն աղավաղված կերպով ներկայացնելու, ջանքերին տրված արձագանք: Ադրբեջանը չունի և չի կարող ունենալ օկուպացված տարածքներ, և ինչպես տեսնում ենք, սա ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև առաջատար համաշխարհային տերությունների կարծիքն է», - հայտարարել է քաղաքագետը:

Լեռնային Ղարաբաղի տարածքը ապօրինի կերպով 1921 թ ընդգրկվել է Ադրբեջանի կազմի մեջ` երրորդ պետության ոչ սահմանադրական կուսակցական մարմնի կողմից, և այսօր, քաղաքագետի կարծիքով, երբ արդարությունը մասնակիորեն վերականգնված է, Ադրբեջանը փորձում է իննսունամյան հնություն ունեցող անօրինական հանցավոր որոշման ամրագրման համար դաշնակիցներ գտնել. «Հետաքրքիր է, որ Ադրբեջանի` իր սխալ ձգտման վերաբեյալ միակ «փաստարկը», սեփական տարածքում նավթի և գազի առկայությունն է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն էլ հենց վերածել են նրան համաշխարհային տերությունների կամազուրկ հումքային մնացորդի»:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում վիճակի» մասին որոշման նախագիծը, որը մտցվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ Ադրբեջանի պնդմամբ, հենց Բաքվի առաջարկությամբ էլ կրկին հանվել է քննարկումից: