Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա«Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» պատկերագրքի շնորհանդեսը և նրանում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսի բացումը: Պատկերագիրքը տպագրվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ պատկերագրքի ստեղծումը հետապնդում է երեք նպատակ` ներկայացնել ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին, ներկայացնել նրանց միջազգային շուկայում և Հայաստանը ներկայացնել աշխարհին: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:
Ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանը խոսելով նկարիչների ընտրության մասին, ասաց, որ պատկերագրքում ընդգրկված են բացառապես հայաստանաբնակ և մեծամասամբ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:
Պատկերագրքի հեղինակն է իտալաբնակ լրագրող և արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավանը:
Յուրաքանչյուր արվեստագետի համար պատկերագրքում հատկացված է 4 էջ` որից առաջինում նկարչի կենսագրականն է, մյուս երեք էջերում` մեկական կամ երկուական աշխատանքներն են: Այն լույս է տեսել 1000 օրինակով:
Պատկերագրքում ընդգրկված արվեստագետներն են` Անիտա Առաքելյանը, Արման Գրիգորյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Գևորգ Սարգսյանը (Ճալա), Գրիգոր Խաչատրյանը և այլն: