13 դեկտեմբերի 2011 - 10:17 AMT
Ջորջ Լուկասն արդեն մտածել է, թե ինչպիսին է լինելու «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը հայտարարել է, որ արդեն հասկացել է թե որ ժանրում և ինչի մասին պետք է գրի արկածախնդիր հնագետ Ինդիանա Ջոնսի մասին կինոշարքի հինգերորդ մասը: Այդ մասին հայտնել է Сollider.com-ը: «Ես պատմեցի Սպիլբերգին, թե դա ինչ պատմություն է լինելու, թեև դեռ չեմ հորինել ինչի շուրջ է այն զարգանալու»,-մեջբերում է Լուկասի խոսքերը կայքը:

Սպիլբերգը, որը նկարահանել է նախորդ 4 ֆիլմերը, մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, թե նրանք արդեն Լուկասի հետ պայմանավորվել են նոր պատմության ժանրի մասին, իսկ 69-ամյա Հարիսոն Ֆորդը, որը Ջոնսի գլխավոր դերակատարն է, պատրաստ է «խաղալ «Ինդիանա Ջոնսում» քանի դեռ ողջ է»: «Սակայն, սցենար դեռ չկա»,-զգուշացրել է Սպիլբերգը: Ինդիանա Ջոնսի պատմությունը բաղկացած է 4 ֆիլմերից՝ «Կորսված տապանի որոնումներում» (1981), «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (1984), «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը» (1989), և 20 տարի անց հայտնված «Ինդիանա Ջոնսը և բյուրեղյա գանգի թագավորությունը» (2008), որը հավաքեց 786 մլն դոլար: