13 դեկտեմբերի 2011 - 16:53 AMT
LiveJournal-ը դրամաշնորհներ կհատկացնի սկսնակ բլոգերների համար

LiveJournal բլոգային հարթակը 2012-ին 300 000 դոլար է հատկացնելու սկսնակ բլոգերներին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է հարթակի ղեկավար Իլյա Դրոնովն իր բլոգում, գրում է Lenta.ru-ն։

Այս դրամաշնորհները LiveJournal-ի ներքին արժույթի՝ «ժետոնների» տեսքով հատկացվելու են քիչ հայտնի բլոգերին կամ էլ լինելու են նորերի ստեղծման խթան։

Ստացված միջոցները հնարավոր է լինելու ծախսել ցանկացած նպատակի համար՝ առաջխաղացման, բլոգի անվան փոփոխության, վճարովի ծառայությունների գնման, վիրտուալ նվերների համար և այլն։

Դրոնովը նշել է, որ հարթակը այդ գումարների փոխարեն ոչինչ չի պարտավորեցնելու ստացողին։ Օգտագործողները հենց իրենք են որոշելու գովազդ տեղադրեն իրենց բլոգում, թե ոչ։

2012-ի սկզբին այս նախագծի համար գործարկվելու է նոր հատուկ էջ, իսկ մինչ այդ Դրոնովն առաջարկում է հետաքրքիր համայնքների և բլոգերի հղումներ իրեն ուղարկել։