Պաղեստինը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ մտնելուց հետո հայցել 16 միջազգային կազմակերպությունների ճանաչումը, սակայն դեռ չի նշում ժամկետները, հայտարարել է Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք մտադիր ենք դիմել բոլոր 16 միջազգային կազմակերպություններին: Մենք իրավունք ունենք նրանց դիմելու: Մենք ճիշտ պահ և բարենպաստ պայմաններ ենք ընտրել մեր հայցի համար, քանի որ պահը պետք է համապատասխան լինի, երբ մենք դիմենք. Ներեցե՛ք, բայց ես չեմ ասի, թե դա երբ կլինի»,- ասել է Աբբասը՝ պատասխանելով ՄԱԿ-ի այլ կազմակերպություններին միանալու հարցին:
Նա հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալը քաղաքական հարց չէ, քանի որ դա մշակութային, գիտական և կրթական կազմակերպություն է: «Սակայն դա նպաստում է քաղաքական առաջընթացին: ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալը կարևոր քայլ է՝ պաղեստինյան անկախ պետության ստեղծման երազանքի իրականացման ճանապարհին»,- ասել է ՊԱԱ ղեկավարը: Նա կրկնել է, որ Պաղեստինը«Իսրայելի հետ սահմանների և անվտանգության վերաբերյալ բանակցությունների վերսկսման հետ խնդիրներ չունի, եթե Իսրայելը դադարեցնի գաղութացումը»: