14 դեկտեմբերի 2011 - 17:31 AMT
Բակո Սահակյան. Ազատամարտիկների խնդիրները նաև իշխանության խնդիրներն են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին և հանդես եկել ելույթով:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը Արցախի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող և բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է»,- նշել է Բակո Սահակյանը։

Նա հավելել է, որ մշտական շփումների մեջ է ինչպես միության ղեկավարության, այնպես էլ նրանցից շատերի հետ և տեղեկացված է ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. «Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաև պետության դերը: Ձեր խնդիրները նաև իշխանության խնդիրներն են, և մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: