Դեկտեմբերի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տարեդարձին նվիրված հանդիսավոր միջացառումը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպության ընկերներն ու բարեկամները:
«Այսօր մենք հրաշալի և հարմարավետ կենտրոններ ունենք Երևանում և Տավուշի մարզում, ուր շարունակում են կյանքի կոչվել այն տեսլականն ու առաքելությունը, որը ծնվել էր մեր բոլորի հոգում ու մտքում և շարունակում է մնալ մեր մեջ` ստանալով նոր որակներ և ծնելով նոր գաղափարներ: Ես շնորհակալ եմ երեխաներին և նրանց ծնողներին, որ հավատում ու վստահում են մեզ և մեզ հետ կամուրջներ են կառուցում շատերի համար: Իսկ կամուրջից այն կողմ դեռ շատ-շատ մեկուսացած երեխաներ կան»,- նշում է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը։
Կազմակերպության տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվել Երևանում և Տավուշի մարզի չորս քաղաքներում, ուր գործում են երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնները:
«Հույսի կամուրջը» հիմնադրվել է 1996 թվականին: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանում: