19 դեկտեմբերի 2011 - 15:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկ Դեմոյան. Իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է

«Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կրոնական գույքը վերադարձնելու մասին» թիվ 306 բանաձևի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսում ու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացոնղ օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: «Անշուշտ, կրոնական գույքը վերադարձնելու մասին բանաձևում ուղղակիորեն չի ասվում Հայոց ցեղասպանության մասին, սակայն, այն ապացուցում է, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները՝ գույքի պահպանում և վերադարձ»,-նշել է նա:

Անդրադառնալով դեկտեմբերի 22-ին կայանալիք քննարկմանը Ֆրանսիայի խորհրդարանում՝ Դեմոյանը նշել է, որ Թուրքիայից հնչող սպառնալիքներն արդեն սովորական երևույթ են, որը չի կարող ազդել Ֆրանսիայի խորհրդարանի որոշման վրա: «Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի իշխանությունները սպառնում են ետ կանչել դեսպանին ու խզել հարաբերությունները, սակայն, դա ոչ մի արդյունք չի տա»,-ասել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը կքվեարկի օրինագծի վերաբերյալ, որով նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանության ժխտման համար: Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին օրինագծի ընդունման դեպքում:

2011թ. աշնանը սպառվեց Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Քվեարկությունը տնօրենի պաշտոնի համար տեղի կունենա 2012թ. հունվարին:

ՖՈՏՈՇԱՐՔ