Եկատերինբուրգյան «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովն ասել է, որ հայ կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը կարող էր թիմին տալ ավելին, սակայն վնասվածքները խանգարեցին նրան ավելի լավ ելույթ ունենալ: «Այն խաղերում, որոնք նա հասցրել է անցկացնել, ցուցադրել է իր մեծ վարպետությունը: Մենք մեր հերթին կանենք ամեն բան, որպեսզի շարունակենք նրա հետ համագործակցությունը: Ինչպես ինձ է թվում, հայ հարձակվողի հետ կարելի է կապել մեր ապագան»,-Իվանովի խոսքը փոխանցում է onedivision.ru-ն:
Ակումբի նախագահը խոստովանել է, որ իրենց անհրաժեշտ է ամրացնել մի քանի դիրքեր: Ակումբը, նախկինի նման, փորձելու է ստանալ Ռուսաստանի պրեմյեր լիգայի ուղեգիր:«Որոշ մարդկանց կարող է թվալ, որ մենք միշտ չէ, որ խաղացել ենք մեր ուժերի ներածի չափով, սակայն յուրաքանչյուր խաղում տղաներն արել են ամեն բան, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի: Մյուս կողմից, եզրափակչից առաջ չհաջողվեց զբաղեցնել այն տեղը, որը բոլորին կբավարարեր»: