19 դեկտեմբերի 2011 - 18:48 AMT
Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ազդարարելու տոների սկիզբը

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման հետ կապված աշխատանքները հիմնականում ավարտված են»,- այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին` երեկոյան ժամը ուղիղ 20:00-ին, բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը, որով կազդարարվի նաև մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության առանձին ստորաբաժանումներին աշխատել ոչ թե հերթապահության, այլ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով: «Տոնական օրերին վարչական շրջանների և սանմաքրման ձեռնարկություների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փոցողներում և բակային տարածքներում» ,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հատուկ շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը և պատշաճ մակարդակով կազմակերպել ուղևորափոխադրումները:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ, ամանորին ընդառաջ, առևրի ակտիվացմանը զուգահեռ անցյալ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բնակելի շենքերի մուտքերում և բակերում գրանցվել են բացօթյա ապօրինի առևտրի մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: