Այսօր` դեկտեմբերի 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գալա համերգը:
Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնելով նշեց, որ իր հայրն այնքան բան է գրել, որ այն բոլոր ժամանակներում կարելի է ներկայացնել բոլոր ոճերով ` նույնիսկ ռեփ:
ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գևորգ Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ չէ կատարում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, նշելով, որ մեծ կոմպոզիտորը գրել է այնպիսի երգեր, որոնք կատարել են դասական երգիչները, օրինակ` Մուսլիմ Մագոմաեվը, կամ ոչ էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
Միջոցառման ընթացքում Արա Բաբաջանյանը դուդուկահար Ջիվան Գասպարյանին հանձնեց Առնո Բաբաջանյանի անունը կրող ոսկե մեդալ, որին արժանացել են նաև Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը և Իոսիֆ Կոբզոնը: Համերգի ընթացքում ցուցադրվեցին կոմպոզիտորի մասին պատմող հոլովակ և հայտնի մարդկանց ուղերձներ:
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվեց «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնն անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ 6 համերգ:
«Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: